Armenian Soccer
Armenian Soccer

Էրիկ Ազիզյան. «Փյունիկում» մշտապես հիշում են իրենց սաներին»

Armenian-soccer-ը շարունակում է հարցազրույցների շարքը Հայաստանի առաջնությունում հանդես եկող երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների հետ: Այս անգամ մենք զրուցել ենք Երևանի «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի հետ:

#YoungArmenianTalents

Ո՞ր տարիքից ես զբաղվում ֆուտբոլով, ե՞րբ հայտնվեցիր «Փյունիկի» մարզադպրոցում:
— Ֆուտբոլով զբաղվում եմ 8 տարեկանից: Ֆուտբոլային առաջին քայլերս արել եմ հենց «Փյունիկում», որտեղ հիանալի պայմաններ կային և կան մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար:

17 տարեկանում հայտնվեցիր նորաստեղծ «Ավան Ակադեմիա» թիմում: Ի՞նքդ որոշեցիր կարիերադ այդտեղ շարունակել:
— Ստացա առաջարկ նորաստեղծ թիմում խաղալու և տվեցի համաձայնությունս:

Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունդ Սլովակիայի «Զեմպլին»:
— Երևանի «Լոկոմոտիվի» դեմ խաղին հետևելու էին եկել «Զեմպլինի» սկաուտները, ովքեր ցանկանում էին հետևել Արմեն Հովհաննիսյանի խաղին: Այդ խաղում դուբլ ձևակերպեցի և գրավեցի նրանց ուշադրությունը: Այդպես հայտնվեցի «Զեմպլինում»:

«Զեմպլին» մեկնեցիր Արմեն Հովհաննիսյանի հետ միասին, սակայն մեկ մրցաշրջան հետո Արմենը մնաց թիմում և համալրեց հիմնական կազմը, իսկ դու վերադարձար: Ո՞րն էր պատճառը:
— Այդ որոշումը տվյալ պահին ամենաճիշտն էր: Խորհրդակցելով թիմի գլխավոր մարզչի և տնօրենի հետ ես որոշում կայացրի վերադառնալ Հայաստան: Այդ որոշումը կայացնելիս հաշվի առա այն, որ այդպես ավելի ճիշտ կլինի իմ ապագայի համար:

Հարազատ ակումբ վերադառնալու որոշումը հե՞շտ տրվեց: Ինչպե՞ս ընդունեցին քեզ «Փյունիկում»:
— «Փյունիկում» մշտապես հիշում են իրենց սաներին: Ինձ ընդունեցին շատ ջերմ: Թիմին հարմարվելու հետ կապված խնդիրներ ընդհանրապես չառաջացավ: Թիմակիցներիս հետ վաղուց եմ ծանոթ: Առաջին օրվանից ինձ թիմի մասնիկն եմ զգում:

Աստիճանաբար սկսել ես ընդգրկվել «Փյունիկի» հիմնական կազմում: Ինչպե՞ս ես գնահատում մարզավիճակդ այս պահին:
— Ցանկացած մարզման ժամանակ փորձում եմ առավելագույնը ցույց տալ: Միայն այդպես է հնարավոր տեղ վաստակել թիմի մեկնարկային կազմում: Իսկ մարզավիճակիս վերաբերյալ մարզիչներն ավելի ճիշտ գնահատական կտան: Ամեն դեպքում ես փորձում եմ խաղից խաղ, մարզումից մարզում բարելավել մարզավիճակս:

Այս մրցաշրջանում թիմն արդեն ոչնչի համար չի պայքարում: Ինքդ քո առջև ի՞նչ նպատակներ ես դրել մրցաշրջանի մնացած հատվածի համար:
— Ցանկացած պարագայում «Փյունիկի» համար հաղթանակն ամենակարևորն է: Այո, այս մրցաշրջանը թիմի համար հաջող չդասավորվեց, բայց պետք է մշտապես հիշել, որ ֆուտբոլը թիմային մարզաձև է: Ցանկացած անձնական նպատակ մեր առջև դնելուց առաջ մենք պետք է այնպես անենք, որ դա համընկնի թիմի շահերի հետ: Մեր նպատակը մնացած խաղերում հաղթանակի հասնելն է:

Ի՞նչ կասես Ռոման Բերեզովսկու հետ աշխատանքի մասին:
— Իհարկե, մեծ պատիվ է աշխատել նման մարզչի գլխավորությամբ: Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Ես մեծացել եմ նրա մասնակցությամբ խաղերը դիտելով, և հիմա ինձ համար պարտավորեցնող է, որ խաղում եմ նրա գլխավորությամբ:

Սկսած 15 տարեկանից՝ անցել ես Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներով՝ մինչև երիտասարդական: Ո՞ր խաղն է քեզ համար դրանցից ամենահիշարժանը:
— Այո, կարողացել եմ ընդգրկվել տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարզիչներին, որոնք ինձ վստահել են և խաղալու հնարավորություն են տվել: Ամենահիշարժան խաղը, երևի, մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակն է: Մենք հաղթեցինք 3-2 հաշվով և դուրս եկանք էլիտ ռաունդ:

Նախորդ տարի մասնակցեցիր Հայաստանում անցկացված Եվրոպայի Մ-19 առաջնությանը: Ի՞նչ տվեց քեզ այդ մրցաշարը: Ինչու՞ Հայաստանի հավաքականը չկարողացավ ավելի լավ հանդես գալ:
— Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցելը երազանք է ցանկացած ֆուտբոլիստի համար: Այդ մրցաշարն ինձ շատ մեծ փորձ տվեց: Երբ խաղում ես եվրոպական լավագույն հավաքականների դեմ, ավելի լավ ես նկատում քո թույլ կողմերը: Մեր թիմը խաղաց հնարավորությունների առավելագույն չափով: Պետք է հիշել, որ խաղադաշտում միայն մեկ թիմ չի խաղում: Մենք խաղում էինք Եվրոպայի թոփ հավաքականների դեմ, որոնք ուժեղ էին գտնվել մյուսներից և հասել էին եզրափակիչ փուլ: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի հիմնական մասը խաղում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, իսկ որտե՞ղ են խաղում մեր մրցակիցները: Մի քանի օր առաջ մեր դեմ խաղացած Ֆերան Տորեսը խաղում էր Մադրիդի «Ռեալի» դեմ: Նման փաստերը չեն կարող ազդեցություն չունենալ խաղադաշտում:

Ո՞վ է սիրածդ ֆուտբոլիստը և ո՞ր ակումբին ես աջակցում միջազգային ֆուտբոլում:
— Կոնկրետ մեկ սիրելի ֆուտբոլիստ չունեմ: Կառանձնացնեմ Լիոնել Մեսսիին և Կևին Դե Բրյույնեին: Մեսսին արդեն շատ երկար տարիներ ամբողջ աշխարհին ցույց է տալիս իր բարձր կարգը: Ակումբներից համակրում եմ «Բարսելոնային»:

Ի՞նչ նպատակներ ես քո առջև դրել ֆուտբոլային կարիերայումդ:
— Մշտապես լինել արժանի ավելի բարձր մակարդակում խաղալու համար և օգնել թիմիս հասնել հաջողությունների:

Erik Azizyan Erik Azizyan Erik Azizyan Erik Azizyan

©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan

Photo: FC Pyunik, Getty Images