Armenian Soccer
Armenian Soccer

Եղիշե Մելիքյան. «Հարազատ տուն եմ վերադառնում»

Ընդամենը 3 օր առաջ հայտնի դարձավ, որ ուկրաինական Պրեմյեր-լիգայում հանդես եկող «Լվովը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը հայ մասնագետ Եղիշե Մելիքյանի հետ: Սակայն դրան նախորդող ու հաջորդող խոսակցությունները թե՛ ուկրաինական ու թե՛ հայկական մամուլում շատ ավելի աղմկոտ էին, քան՝ բուն պայմանագրի չերկարաձգման հարցը: Նախ, խոսում էին Կիևի «Դինամոն» գլխավորելու հավանականության մասին, ապա՝ արդեն հետխորհրդային երկրներից մեկի առաջատար ակումբներից մեկը գլխավորելու մասին: Իսկ արդեն երեկ «սայլը» տեղից շարժվեց, հնչեց հստակ տարբերակ, ինչը մեզ դրդեց՝ կապվել Եղիշե Մելիքյանի հետ ու անձամբ նրա հետ զրույցում հերքել կամ հաստատել տարածված լուրերը:

Eghishe Melikyan

-Եղիշե, երեկվանից թե՛ ուկրաինական ու թե՛ հայկական սպորտային մամուլը ակտիվորեն ձեզ «գործուղում» է «Ալաշկերտ»: Transfermarkt հայտնի կայքն էլ արդեն «հայտարարել» է ձեզ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ: Կարո՞ղ ենք շնորհավորել թե՛ մեզ ու թե՛ ձեզ:
-Դեռ ոչինչ հաստատել չեմ կարող: Գիշերը նոր կլինեմ Հայաստանում, բանակցություններն էլ նախատեսված են վաղը: Ու միայն դրանից հետո կարող եմ ասել, թե ի՛նչ ուղղություն եմ բռնել: Հիմա ուղղակի տրամադրված գալիս եմ բանակցելու:
Չեմ կարող ասել, թե ում հետ, քանի որ մի քանի ուղղություն կա: Բոլոր ենթադրությունները, որ արել է սպորտային մամուլը, գոնե այս պահին ընդամենը ենթադրություններ են: Երբ կլինի հստակ համաձայնություն, կարվի նաև հայտարարություն:

-Շատ ավելի հետաքրքիր է ստացվում: Սպասենք վաղվան: Իսկ մինչև էդ՝ «Լվովի» գլխավոր մարզչի պաշտոնը թողելուց հետո հարցազրույցներից մեկում ասացիք, որ «Լվովի» ցանկություններն ու ակումբի հնարավորությունները չէին համընկնում: Աշխատանքի հաջորդ վայրը ընտրելիս, այսինքն հիմա,  սկզբունքային նշանակություն ձեզ համար ի՞նչն է ունենալու: Ու ինչի՞ն եք շեշտադրում անելու՝ անկախ նրանից, թե որ ակումբի հետ կգաք համաձայնության:
-Առաջարկներ էլի ունեի, բայց Հայաստանն ընտրեցի, քանի որ ուզում էի ուժերս չափել, ինձ այստեղ փորձել որպես մարզիչ: Նախնական բանակցությունների փուլում հասկացա, որ մեր նպատակները համընկնում են, ու այս ամենն իմ ուժերից վեր չէ: Սա հետաքրքիր մարտահրավեր է ու շատ կարևոր դրդապատճառ:
Մյուս՝ ոչ պակաս կարևոր դրդապատճառս ընտանիքս է: Ես ունեմ 2 փոքր երեխա, ընտանիքս բնակվում է Կիևում, իսկ ես աշխատում էի իրենցից 500կմ հեռավորության վրա: Տեղաշարժերն այդ հսկայական երկրում հիմնականում ավտոբուսներով էին լինում, տևում երկարատև ժամեր, ինչի արդյունքում երեխաներիս հետ շփումից զրկվում էի: Որևէ այլ ակումբի առաջարկ ընդունելու դեպքում կրկին նույն փաստի առաջ էի կանգնելու: Այդ պատճառով սկզբունքային որոշում ընդունեցի՝ վերադառնալ Հայաստան:

-Ամեն դեպքում, ձեր համար առաջնայինը որն է լինելու՝ մրցանակային տեղ-եվրոգոտի, թե՞՝ տեղի ֆուտբոլիստների աճ, թե՞ ամեն դեպքում բալանս լեգեոներ-տեղացիներ-հաղթանակներ….Ու ի վերջո՝ այսօր ձեզ համար կարևորը արդյո՞ւնքն է, թե՞ գեղեցիկ խաղը:
-Ես չէի ուզի առանձնացնել տեղի ֆուտբոլիստների աճն ու եվրոգոտի անցնելը: Ընդհակառակը՝ ինձ համար սկզբունքային է դրանց համատեղումը: Թիմը պիտի լինի մրցունակ՝ լեգեոներներով լինի, թե տեղացի ֆուտբոլիստներով: Ֆուտբոլիստը դաշտում անձնագիր պիտի չունենա: Դաշտում առաջնայինը որակներն են:
Ինչ մնում է գեղեցիկ, դիտարժան խաղին, ապա յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը դրա վերաբերյալ: Իսկ կարևորը, առաջնայինը արդյունքն է:

-Ձեր գլխավորած «Լվովը» ձմեռային դադարի ընթացքում հանդիպումներ ունեցավ հայկական ակումբների հետ: Հետևաբար՝ հաստատ ծանոթ եք մեր այսօրվա ֆուտբոլին: Ընդհանուր ինչ կարծիքի եք:
-Ինձ շատ է դուր գալիս այն փաստը, որ այսօր հայկական ֆուտբոլում մրցակցությունը մեծ է, մեծ է նաև թիմերի մոտ հաղթանակի ցանկությունը, բացի այդ՝ ուժերի բաշխվածությունը հիմնականում հավասարաչափ է, մեծ վայրիվերումներ չկան: Դուր չի գալիս մոնոտոնությունը, որ առկա է: Եթե ամեն ինչ դասավորվի այնպես, ինչպես ես կցանկանայի, ամեն ինչ կանեմ դրա դեմ պայքարելու, դինամիկ ֆուտբոլ ունենալու համար: Եթե մեկ նախադասությամբ՝ Հայաստանի առաջնությունն ունի թե՛ իր դրական ու թե՛ բացասական կողմերը, բայց ամենակարևորն այն է, որ հետաքրքիր է, հակառակ դեպքում պարզապես չէի ընտրի Հայաստան վերադառնալուս տարբերակը:

-Վերջին անգամ Հայաստանում գրեթե 10 տարի առաջ՝ «Ուլիսում» եք հանդես եկել կարճ մի փուլ: Զուտ կողքից հայացքով էս 10 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը դեպի ուր է գնացել:
-Այս 10 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը շատ փոփոխությունների է ենթարկվել. թե՛ զարգացել է ու թե՛ հետընթացի փուլ է ունեցել: Այսօր ի՞նչ վիճակում է՝ չգիտեմ: Հուսամ, շատ արագ կծանոթանամ:

-Հայաստանի ԲԽ առաջնության էս նոր ֆորմատը ձեզ հարազատ պիտի լինի՝ կարծես թե  խիստ նման է Ուկրաինային: Ձեր կյանքի փորձից ելնելով՝ արդարացնո՞ւմ է:
-Այդ հարցին չէի ուզենա պատասխանել, քանի որ դա իմ որոշելիքի սահմաններից դուրս է: Իմ գործառույթները սահմանափակվում են բացառապես իմ գլխավորած թիմը պատրաստելով:

-Հայկական ու ուկրաինական ֆուտբոլի տարբերությունները շա՞տ են:
-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, քանի որ շատ վաղուց Հայաստանի առաջնությունը միջից չեմ զգացել: Ամեն դեպքում հուսով եմ, որ տարբերությունները մեծ չեն: Բայց վստահաբար՝ կկարոտեմ ուկրաինական ֆուտբոլին ու Ուկրաինայի առաջնությանը:

-Եղիշե՛, մարզչական աշխատանքի փորձն ու առաջին քայլերն Ուկրաինայում արեցիք: Դժվա՞ր չէ՝ թողնել ուկրաինական ֆուտբոլը, որին բավական սովոր եք, էդ թվում նաև որպես ֆուտբոլիստ:
-Մի մոռացեք, որ ես Ուկրաինայում հանդես գալուս զուգահեռ հանդես եմ եկել Հայաստանի հավաքականում: Այնպես որ՝ թե՛ Ուկրաինան ու թե՛ Հայաստանն ինձ հարազատ են: Սիրտս տաք է թե՛ այստեղ ու թե՛ այնտեղ, քանի որ կյանքիս մի կեսն անցկացրել եմ Հայաստանում, մյուսը՝ Ուկրաինայում: Ես հյուր չեմ երկու երկրներից ոչ մեկում:  Փաստացի՝ հարազատ տանից հարազատ տուն եմ վերադառնում:

-Եվ վերջում՝ հիմնական ակնկալիքը, որով գալիս եք Հայաստան…
-Կարողանամ օգտակար լինել հայկական ֆուտբոլին:

 

©2020 Armenian Soccer