Armenian Soccer
Armenian Soccer

ԳՈԼԱՌԱՏ ԽԱՂՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՒ «ՎԱՆԸ» ՀԱՂԹՈՂԻՆ ՉՊԱՐԶԵՑԻՆ

ԳՈԼԱՌԱՏ ԽԱՂՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՒ «ՎԱՆԸ» ՀԱՂԹՈՂԻՆ ՉՊԱՐԶԵՑԻՆ
Երևանի «Ուրարտուն»  3 օրվա ընթացքում 2-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Ալեքսանդր Գրիգորյանի տղաներն այս անգամ սեփական հարկի տակ ընդունեցին Չարենցավանի «Վանին»։
Խաղն իրադարձություններով լեցուն ստացվեց։ Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան։ Բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում աչքի ընկավ Եվգենի Կոբզարը։ Խփած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները հաջողությունը զարգացնելու շատ լավ հնարավորություններ ունեցան, բայց հաջորդ գոլը «Վանը» խփեց։ Առաջին խաղակեսի վերջնամասում Վահագն Այվազյանը տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը ու որպես հարգանքի նշան իր խփած գոլը չտոնեց։ Մինչև ընդմիջում «Ուրարտուի» ֆուտբոլիստներն այդուհանդերձ հաշվի մեջ առաջ անցան։ Հերթական բազմաքայլ գրոհն իր տրամաբանական ավարտին հասցրեց Էդգար Գրիգորյանը, ի դեպ Էդգարն աչքի է ընկնում երկրորդ խաղն անընդմեջ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Վանի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Տուգանայինից իր ֆիրմային հարվածով նախկին թիմի դարպասը նորից գրավեց Վահագն Այվազյանը, այս անգամ էլ Այվազյանը իր խփած գոլը չտոնեց։ 5 րոպե անց «Վանի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան այս անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ստանիսլավ Եֆիմովը։
Մինչև խաղավարտ «Ուրարտուի» ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր։ Նշանակվեց 11 մետրանոց, սակայն Ջոնել Դեսիրեն այն անվրեպ իրացնել չկարողացավ։ Այս խաղում «Ուրարտուի» վերջին գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ Անկյունայինի խաղարկումից հետո Կարեն Մելքոնյանը գրավեց դարպասն ու դրեց այս հանդիպման վերջակետը:
Այս խաղով «Ուրարտուն» ավարտում է ստուգողական հանդիպումների շարքը։ Արդեն նոյեմբերի 22-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին»։ Այդ հանդիպումը նշանակված է Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում և մեկնարկելու է ժամը 14։30-ին։
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՎԱՆ»՝ 3:3
1:0 Եվգենի Կոբզար (5’), 1:1 Վահագն Այվազյան (41’), 2:1 Էդգար Գրիգորյան (45’), 2:2 Վահագն Այվազյան (47՛), 2:3 Ստանիսլավ Եֆիմով (53’), 3:3 Կարեն Մելքոնյան (90’):

©2020 Armenian Soccer