Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏ» — «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Կարանտինային դադարից հետո իր մրցելույթներն է սկսում Երևանի «Ուրարտուն»։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում կհյուրընկալվի «Արարատին»։ Ստորև ներկայացնում ենք ամենահետաքրքիրն այս դիմակայության մասին․

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
Կարանտինային դադարի ընթացքում, երբ պաշտոնապես թույլատրվեց մարզվել ու ընկերական հանդիպումներ անցկացնել երկու թիմերն էլ ստուգողական խաղեր ունեցան և երկուսն էլ մրցեցին Երևանի «Լոկոմոտիվի» ու «Գանձասար-Կապանի» հետ։ «Ուրարտուն» երկու հանդիպումներն էլ անցկացրեց սեփական մարզաբազայում, նախ Երևանի «Լոկոմոտիվի» հետ (1-2), այնուհետև «Գանձասար-Կապանի» հետ (0-2), իսկ «Արարատն» էլ իր հերթին սեփական բազայում առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ (2-0), իսկ ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում 3-5 հաշվով պարտություն կրեց «Լոկոմոտիվից»։  Առաջիկա հանդիպումով ավարտվում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը։
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թիմեր միմյանց հետ մրցել են 69 անգամ։ Առավել հաջողակ գտնվել են «Ուրարտուի» ֆուտբոլիստները, որոնք հաղթել են 41 անգամ։ Գրանցվել է 17 ոչ-ոքի, 11 անգամ էլ խաղադաշտը հաղթանակած են լքել Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները։ Այս դիմակայությունը միշտ անցել է գոլառատ պայքարում, կայացած 69 խաղերում խփվել է 173 գոլ, որից 117-ը հեղինակել են «Ուրարտուի» ֆուտբոլիստները։ Այս թիմերի խաղերում ամենից շատն աչքի են ընկել Սամվել Մելքոնյանն ու Արսեն Բալաբեկյանը, իսկ «Արարատից»՝ Վահե Յաղմուրյանը, բոլորն էլ իրենց ակտիվում ունեն 5-ական գոլ։ Թիմերի միջև ամենագոլառատ հանդիպումը կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին, այդ խաղում «Ուրարտուն» 6-4 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։
Թիմերի միջև կայացած վերջին 10 խաղերում «Ուրարտուն» հաղթել է 8 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, իսկ 1 անգամ էլ հաղթել է «Արարատը»։ Հարկ է նշել, որ վերջին անգամ «Արարատը» «Ուրարտուի» նկատմամբ հաղթանակ տոնել է 2018 թվականի ապրիլին՝ 2-1 հաշվով։
ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ
Թիմերը միմյանց հետ վերջին անգամ մրցել են Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 9-րդ տուրում։ «Ուրարտուն» Միլոշ Նիկոլիչի խփած միակ գոլի շնորհիվ այդ խաղում առավելության հասավ 1-0 հաշվով։
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ, ՏՈԲՈԵՎ, ԲԱԴՈՅԱՆ
«Ուրարտուի» ներկայիս կազմից երկու ֆուտբոլիստներ հանդես են եկել «Արարատում»։ Արամ Բարեղամյանը «Արարատի» մարզաշապիկով 50 հանդիպում է անցկացրել դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ Թայմուրազ Տոբոևը հենց «Արարատից» է տեղափոխվել «Ուրարտու»։ Նախկին թիմի կազմում Տոբոևն անցկացրել էր 5 հանդիպում։ «Արարատի» ներկայիս կազմից էլ Զավեն Բադոյանն է հանդես եկել երկու թիմերում։ Բադոյանը երկու մրցաշրջան է անցկացրել «Ուրարտուում», 2015/16 մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանն «Ուրարտուի» կազմում դարձել է նաև Հայաստանի գավաթակիր։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» — «Ուրարտու» հանդիպումը կկայանա մայիսի 25-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։

©2020 Armenian Soccer