Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Հակոբյանի սաները կամային հաղթանակ կորզեցին «Արարատ-Արմենիա-2»-ից

ՀՀ 1-ին խմբի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Արարատ-Արմենիա-2»-ին։ Մրցաշարային աղյուսակում դաշտի տերերը զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը զիջում էր մրցակցին 5 միավորով, չնայած որ «Ուրարտու-2»-ը 2 խաղ պակաս էր անցկացրել.
Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց, իսկ խաղի ելքը վճռող բոլոր իրադարձությունները տեղի ունեցան առաջին կեսում։ Առաջինն աչքի ընկան «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստները։ Հակոբ Խաչատրյանը պաշտպանների թիկունքում ստանալով գնդակը, մեն-մենակ մնաց դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ ու դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներից 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար։ Սամվել Հակոբյանը խորքից փոխանցում ստանալով ներխուժեց տուգանային հրապարակ, մրցակցի պաշտպանները միայն կանոնների խախտման գնով կարողացան կանգնեցնել Հակոբյանին։ Արդյունքում նշանակվեց 11 մետրանոց, խախտում կատարած ֆուտբոլիստը հեռացվեց խաղադաշտից, իսկ Աբրահամ Պորտուգալյանն էլ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը, հաշիվը դարձրեց՝ 1:1։
9 րոպե անց արդեն Աբրահամ Պորտուգալյանը վարձահատույց եղավ Հակոբյանին վաստակած 11 մետրանոցի համար։ Պորտուգալյանը հարվածային դիրքի դուրս բերեց Հակոբյանին, որն էլ մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։ 2 րոպե անց Պորտուգալյանը հերթական գոլային փոխանցումը կատարեց, այս անգամ էլ աչքի ընկավ Արսեն Սադոյանը՝ 3-1։
Մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիա-2» ֆուտբոլիստները 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, բայց «Ուրարտու-2»-ի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը կռահեց հարվածի ուղղությունը և փրկեց թիմին վերահաս գոլից։
Երկրորդ կեսում էլ վտանգավոր պահեր ունեին թե՛ «Արարատ-Արմենիա-2»-ի, թե՛ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ Արդյունքում Արամ Հակոբյանի գլխավորած թիմը վաստակեց 3 միավոր և իր ակտիվում ունենալով 42 միավոր բարձրացավ 7-րդ հորիզոնական։
Հաջորդ հանդիպումն «Ուրարտու-2»-ը կանցկացնի հունիսի 16-ին սեփական հարկի տակ ընդունելով «Լոկոմոտիվին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 17։30-ին և կանցկացվի առանց հանդիսականների:

©2020 Armenian Soccer