Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՄՐՑԱԿԻՑԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՈՐԱԿԱՊԵՍ ԼԱՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Փետրվարի 10-ին տեղի ունեցած  «Ուրարտու» — ԲԿՄԱ,Երևան ընկերական խաղից հետո (2:0) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խաղի մասին ասաց հետևյալը․
«Այնպես ստացվեց, որ այսօր ես ավելի շատ ուշադրություն էի դարձնում ԲԿՄԱ-ում հանդես եկող այն ֆուտբոլիստների խաղին, որոնք «Ուրարտուից» էին գործուղվել ԲԿՄԱ։ Խաղի ժամանակ ինքս ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ ես նրանց գործողություններին ավելի շատ եմ հետևում, քան իմ տղաների։ Իհարկե, նրանք ինձ շատ դուր եկան, ոմանք շուտով ավարտում են իրենց ծառայությունը ու ես կարծում եմ, որ ամռանը մենք լավ համալրումներ կարող ենք ունենալ։ Հստակ անուններ չեմ նշի, բայց իմ կարծիքով 3 ֆուտբոլիստ այդ թիմից կարող են հանդես գալ մեր հիմնական կազմում։ Սա դեռ էմոցիոնալ կերպով արված կանխատեսում է, բայց նրանք ստվերում չէին մնա։
Ինչպես և ենթադրում էի, մրցակիցը ցույց տվեց որակապես լավ դիմադրություն։ Նախ՝ այս տղաները Հայաստանի երիտասարդական հավաքականի կորիզն են, երկրորդ՝ նրանք բոլորը լավ մոտիվացված էին և երրորդ՝ բոլորը ցուցադրեցին որակապես լավ խաղ։
Ինչ վերաբերում է մեզ, այնպիսի տարանջատված խաղ ստացվեց․ առաջին խաղակեսի կազմն ու երկրորդ խաղակեսինը շատ տարբեր ֆուտբոլ ցուցադրեցին։ Կային և՛ դրական և՛ ոչ դուրեկան պահեր։ Կարծում եմ՝ ԲԿՄԱ-ի տղաներին թերագնահատել պետք չէ, նրանք շատ լուրջ մրցակից են։ Ունեն խաղակցվածություն, մոտիվացված են ու ես տեսնում եմ, որ բարձրագույն խմբում այս թիմը ստվերում չէր մնա»։

©2021 Armenian Soccer