Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Գրիգորյանը ամփոփեց մրցաշրջան-2020-ի արդյունքները

ՀՀ պրիմեր լիգայի  առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ամփոփել է «Մրցաշրջան-2020»-ն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին․
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ
«Գավաթային խաղի հետ միասին ընդամենը 10 հանդիպում անցկացրինք և 2 խաղ պակաս, քան մեր մրցակիցներից շատերը։ Ուստի ի՞նչ ամփոփման մասին կարելի է խոսել։ Մենք հաղթեցինք «Գանձասար-Կապանին», նրանք էլ իրենց հերթին միավորներ խլեցին առաջատարներից, սակայն այդ հանդիպումների արդյունքները չեղարկվեցին, միավորներ հանվեցին, ինչը ենթադրեց նաև փոփոխություններ մրցաշարային աղյուսակում։ Կես տարում այդքան քիչ խաղ անցկացնելը շատ վատ է, բայց ինձ այս ընթացքում դուր եկավ այն, որ մենք մեծ շարժառիթ ունեինք, սակայն հնարավոր է, որ այն մինչև վերջ պահել չկարողացանք։ «Ալաշկերտի» ու «Նոայի» հետ խաղերում մենք ֆիզիկապես լավ վիճակում չէինք գտնվում։ Աշխարհում և հատկապես Հայաստանում տիրող իրավիճակն ու դրա հետ կապված անորոշությունը լավ չանդրադարձավ մեզ վրա։ Ամփոփելով խոսքս կասեմ, որ ինձ դուր էր գալիս ֆուտբոլիստների մոտեցումը աշխատանքին, ինձ դուր եկան մեր համալրումները։ Մեծ հաշվով ես գոհ եմ, թե ինչպես աշխատեցինք, բայց գոհ չեմ, թե ինչպես խաղացինք։ Մեր խաղի որակը ես 3-ի կգնահատեի»։
ՖՈՒՏԲՈԼԻՆ ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բավական երկար ժամանակ մենք թիմը պահեցինք ֆունկցիոնալ ու էմոցիոնալ տոնուսի մեջ։ Ինչ վերաբերում է ֆունկցիոնալ պատրաստությանը, ես կարծում եմ, որ հետընթացը, որը նկատվեց «Ալաշկերտի» հետ խաղում, կապված էր ֆուտբոլիստներից մի քանիսի առողջական վիճակի հետ։ Շատերը դեռ նոր էին լավացել կորոնավիրուսից ու այդ խաղում նրանք լավագույն ֆիզիկական վիճակում չէին գտնվում։ Ամեն դեպքում հայկական թիմերի մեծամասնությունը մեզնից 2 կամ 2,5 ամիս առաջ էր բախվել այդ հիվանդությանը։ Ֆուտբոլիստներն էլ չէին թաքցնում ու ասում էին, որ կորոնավիրուսային հիվանդությունից հետո ֆիզիկապես իրենց լավ չեն զգում։ Ես նշեցի, որ խաղի որակը բարելավելու խնդիր ունենք, բայց կան խաղացողներ, որոնք առաջընթաց են գրանցել, դա գուցե միայն խաղային հատուկ դրվագներում կամ առանձին խաղակեսերով է նկատվում, բայց նրանց առաջընթացն ինձ համար ակնհայտ է, այն լավ նախադրյալ կարող է հանդիսանալ հետագայում թիմի խաղը բարելավելու տեսանկյունից»:
ՀԵՌԱՑԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ես հարգում եմ թիմից հեռացած բոլոր ֆուտբոլիստներին, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց ամենամեծ կորուստը Դմիտրի Գուզի հեռանալն էր։ Նա մենապայքարներում անգերազանցելի էր։ Ես հիշում եմ, որ Գուզը նաև Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում էր լավագույնը և մեկ անգամ չէ, որ ճանաչվել է լավագույն կենտրոնական պաշտպան ոչ միայն ամսվա այլև տարվա կտրվածքով։ Այս իրավիճակում մենք ոչինչ անել չէինք կարող, Գուզն այդ որոշումը կայացրել էր ելնելով ընտանեկան դրդապատճառներից։ Նրա հարազատները ցանկանում էին վերադառնալ հայրենիք՝ Ռուսաստան։

©2020 Armenian Soccer